Ռուս պատգամավորը պնդել է, որ Փաշինյանը երբեք չի թաքցրել իր հակառուսական հայացքները, իսկ նրա վերարտադրման դեպքում Հայաստանը կշարունակի հեռանալ Ռուսաստանից և դաշնակցային կառույցներից։
«Նա Ռուսաստանի բացարձակ թշնամին է, որը, իշխանության գալով, որոշ ժամանակ ստիպված էր քողարկել իր մտադրություններն ու նպատակները։ Մենք մեզ թույլ տվեցինք հավատալ, թե նա կհարմարվի իրավիճակին և չի գնա կտրուկ քայլերի։ Բայց նա պարզապես օգտագործեց մեզ»,- ասել է Զատուլինը։
Նրա խոսքով՝ Փաշինյանը դեռևս մինչև վարչապետ դառնալը խոսում էր ՀԱՊԿ-ից և Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու, ինչպես նաև Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան Հայաստանից հեռացնելու անհրաժեշտության մասին։
«Սխալ էր կարծել, թե իշխանության գալուց հետո նա կհրաժարվի իր համոզմունքներից կամ ամբողջությամբ կանցնի Ռուսաստանի կողմը։ Նա այս հարցում հետևողական է։ Թեև հաճախ հրապարակայնորեն չի կրկնում այդ հայտարարությունները, հատկապես՝ Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումների ժամանակ, սակայն 2022 թվականից հետո արդեն բացահայտորեն սկսել է իրականացնել այդ քաղաքականությունը»,- նշել է նա։
Զատուլինը նաև հայտարարել է, որ Փաշինյանի հնարավոր վերարտադրության դեպքում Հայաստանը կշարունակի խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ և ավելի ընդգծված հակառուսական քաղաքականություն վարել։
«Կշարունակվեն նաև ճնշումները բոլոր նրանց նկատմամբ, ովքեր չեն կիսում այդ դիրքորոշումը, իսկ դա առնվազն Հայաստանի բնակչության կեսն է։ Բացի այդ, խնդիրներ կստեղծվեն ռուսաստանյան և համաշխարհային հայկական սփյուռքի համար»,- ասել է նա։
Պատգամավորը պնդել է նաև, որ արդեն իսկ կան պատճառներ կասկածելու, թե ընտրությունները կլինեն «ազատ, արդար և օրինական»։
«Եթե Փաշինյանը ցանկացած միջոցներով կրկին ապահովի իր հաղթանակը, ապա Ռուսաստանը պաշտոնական մակարդակով չպետք է ճանաչի այդ ընտրությունների արդյունքները»,- հայտարարել է Զատուլինը։
Նա մտահոգություն է հայտնել նաև, որ Հայաստանի գործող իշխանությունների քաղաքականությունը կարող է վնասել ոչ միայն միջպետական, այլև երկու ժողովուրդների հարաբերություններին։
Մոսկվայում ապրիլի 1-ին կայացած Փաշինյան-Պուտին հանդիպմանը կողմերը, ըստ պաշտոնական հաղորդագրության, քննարկել էին տնտեսական համագործակցությանը, Հայաստան-ԵՄ հարաբերություններին, ՀՀ-ում նախընտրական գործընթացներին և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր։ Հանդիպման փակ մասը տևել էր մոտ երկու ժամ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը զրույցն անվանել էր անկեղծ, իսկ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ Երևանն իրազեկվել է առանձին հարցերի վերաբերյալ Մոսկվայի մտահոգությունների մասին։