Առաջիկա 5 տարիներին պլանավորված 7 զբոսաշրջային կլաստերից երկուսը կլինեն Եղեգիսի կիրճում, որի շուրջ քննարկումներ են ընթացել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի և ներդրողների միջև, հայտնել է նախարարը կառավարության մայիսի 7-ի նիստում։
Նրա խոսքով՝ դեպի Սմբատաբերդի ու Զորաց Բերդի եկեղեցիներ հասանելիության խնդիր կա։
«Մի դեպքում որոշեցինք, որ ճանապարհ ենք կառուցելու, մյուս դեպքում մտածում ենք ճոպանուղի կառուցել։ Բայց ներդրողները նշեցին, որ խնդիր կա նաև էլեկտրականության քանակի և որակի, ինչպես նաև ջրի հետ կապված»,- նշել է նա։
Ըստ նախարարի՝ ներդրողներ կան, որոնք պատրաստ են հյուրանոցներ կառուցել, սակայն տեղում կա հոսանքի խնդիր, սահմանափակման հարցեր։
«Մենք ենթակառուցվածք կստեղծենք, մարդիկ մնացածը կանեն․ մեկը մի փոքր լավաշի փուռ կդնի, մեկ ուրիշն ավելի խոշոր ներդրում կանի և կապահովի աշխատանք այդ տարածքի մարդկանց համար»,- ասել է նա։
Ավելի վաղ Պապոյանը Եղեգիսի կիրճից հայտարարել էր, որ կառավարությունը կներդնի շուրջ 10 մլն դոլար՝ զբոսաշրջային ենթակառուցվածքներ ստեղծելու նպատակով։



































