Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ է իրականացրել «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ավանի գրասենյակում, կան ձերբակալվածներ, Armenia Today-ին հաստատեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Նրա խոսքով՝ ընտրակաշառք ստանալու և բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են մի խումբ անձինք։
Օհանջանյանը նշեց, որ անհրաժեշտության դեպքում ավելի ուշ լրացուցիչ տեղեկատվություն կտրվի։
Տեղեկությունն Armenia Today-ին հաստատեց նաև կուսակցության ներկայացուցիչ Գոհար Մելոյանը, բայց ձերբակալվածների թվաքանակի մասին խոստացավ հանդես գալ ավելի ուշ, քանի որ, նրա խոսքով, թիվն անընդհատ փոփոխվում է։
Մարտի 30-ից իրավապահներն «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների կողմից ենթադրյալ ընտրակաշառքներ բաժանելու կամ խոստանալու մասին հաղորդումներ էին տարածել: Կուսակցությունից այդ հաղորդումներն իրավազուրկ էին անվանել։
Ապրիլի 14-ին Հակակոռուպցիոն կոմիտեն բերման էր ենթարկել կուսակցության անդամներ Գոհար Ղումաշյանին և Վերժինե Ստեփանյանին։ Ղումաշյանին մեղադրել էին ենթադրյալ ընտրակաշառքի, իսկ Ստեփանյանին՝ ընտրողներին ակցիայի մասնակցելու հարկադրանքի հոդվածներով։ Ավելի ուշ նրանց նկատմամբ վարչական հսկողություն էր կիրառվել։
Կարդացեք նաև՝
«Ուժեղ Հայաստանի» համակիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպով 17 անձ է ձերբակալվել․ ՔԿ




































