Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին վերահաստատել է հանձնառությունը՝ կանխարգելել նոր ոճրագործությունները և առաջնորդվել խաղաղության օրակարգով։
«Հիշելով անցյալը և հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին` Հայաստանի Հանրապետությունն իր ինքնիշխան ապագան կառուցում է խաղաղության օրակարգով»,- նշված է գերատեսչության հայտարարության մեջ։
ԱԳՆ-ն ընդգծել է, որ տարածաշրջանում տևական կայունություն հաստատելու համար անհրաժեշտ է հարևանների հետ փոխգործակցություն:
«Հարևան պետությունների միջև բարիդրացիական հարաբերությունների և իրական փոխգործակցության առկայությունն այն նվազագույն պայմանն է, որն անհրաժեշտ է Հարավային Կովկասում տևական խաղաղություն հաստատելու և մեր տարածաշրջանի բոլոր ժողովուրդների խաղաղ համակեցությունն ապահովելու համար»,- նշել է պաշտոնական Երևանը:
Հայտարարության մեջ անդրադարձ է կատարվել նաև 21-րդ դարի մարտահրավերներին դիմակայելու գործում Հայաստանի ներգրավվածությանը։
«Հայաստանը պարտավորություն է զգում շարունակաբար և հետևողականորեն ներգրավված լինել 21-րդ դարում շարունակվող ռասայական և էթնիկ անհանդուրժողականության, ատելության և այդ հիմքով իրականացվող նոր զանգվածային ոճրագործությունների նշանների հայտնաբերմանն ու վաղ ահազանգմանը, աջակցել դրանց կանխարգելմանը և վերացմանը միտված նախաձեռնություններին»,- ասվում է ուղերձում։
ԱԳՆ-ն հիշեցրել է, որ Հայաստանի ջանքերով Ցեղասպանության կանխարգելման թեման ներառվել է ՄԱԿ-ի օրակարգում՝ «Միջազգային օրվա տասնամյակ» և 2026-ին ընդունված «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևերում:
Գերատեսչությունը շեշտել է նաև Հայոց ցեղասպանության փաստի դերը միջազգային իրավունքում ցեղասպանության հանցագործության սահմանման հարցում:
«Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում և հարգանքի տուրք ենք մատուցում Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Մեծ եղեռնին զոհ դարձան 1,5 միլիոն տղամարդիկ, կանայք, երեխաներ և ծերեր, որոնք սպանվեցին կամ մահվան մատնվեցին միայն հայ լինելու պատճառով: Հայ ժողովրդի դեմ իրականացված այս ոճրագործությունը դարձավ այն պատմական օրինակներից մեկը, որը 1948 թվականին հիմք հանդիսացավ «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» ՄԱԿ կոնվենցիայի ընդունման համար»,- ամփոփել է նախարարությունը:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Միրզոյանը և ԱԳՆ ղեկավար կազմը ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։
Ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան կայսրությունում 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված Ցեղասպանության 111-րդ տարելիցը։ Աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչման միջոցառումներով հիշատակի տուրք է մատուցում 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին։
Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է 34 պետություն։ 111 տարի անց Թուրքիան շարունակում է ժխտել Մեծ եղեռնի իրողությունը և պայքարում է Ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ՝ նենգափոխելով պատմությունը։
2018 թվականին՝ Հայաստանում իշխանափոխությունից հետո, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման թեման աստիճանաբար կորցնում է իր դիվանագիտական առաջնահերթությունը։ Միրզոյանը 2025 թվականի ապրիլին թուրքական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն այլևս Երևանի քաղաքական առաջնահերթությունը չէ։
Կարդացեք նաև՝





































