Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշ Սուրեն Աղաջանյանը (60 կգ) դարձել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Տիրանայում կայացած մրցաշարի եզրափակչում 22-ամյա Աղաջանյանը 2։2 հաշվով պարտվել է սերբ Գեորգի Տիբիլովին։
Եզրափակիչ հասնելու ճանապարհին Սուրենը երեք անգամ հաղթել էր, այդ թվում՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն ադրբեջանցի Նիհաթ Մամեդլիին։
Սլավիկ Գալստյանը (67 կգ) նվաճել է իր կարիերայի 3-րդ եվրոպական բրոնզե մեդալը։ Բրոնզե գոտեմարտում Գալստյանը 5։3 հաշվով հաղթել է ուկրաինացի Ալեքսանդր Հրուշինին։
Բրոնզե մեդալ է նվաճել նաև 72 կգ քաշային կարգում հանդես եկող Գասպար Տերտերյանը։ Բրոնզե մեդալի համար պայքարում 20-ամյա հայ մարզիկը 1։1 հաշվով հաղթել է բելառուս Ալեքսանդր Լյավոնչկային։
Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը Եվրոպայի հնգակի չեմպիոն էր հռչակվել։ Կարեն Ասլանյանը (63 կգ) դարձել էր Եվրոպայի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր։
Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունն անցկացվում է Տիրանայում ապրիլի 20-26-ը: Մրցաշարի ծրագրում ներառված են հունահռոմեական, ազատ ոճի և կանանց ըմբշամարտի մրցումները։ Հայաստանը ներկայացնող մարզիկները հունահռոմեական ոճում ներկայացված են 10, իսկ ազատ ոճում՝ 8 քաշային կարգերում։



























