«Ուժեղ Հայաստան» և «Ապրելու երկիր» կուսակցություններն ընտրություններին դաշինքով միասնական մասնակցելու հուշագիր են ստորագրել, հայտնել է «Ապրելու երկիրը»։
Նշվում է, որ կուսակցության մարզային թիմերը կներգրավվեն «Ուժեղ Հայաստան» դաշինքի շրջանակում՝ ընդգրկվելով նաև ընտրական ցուցակում։
Քաղաքական ուժերը հայտարարել են, որ ընտրություններին միասնական մասնակցելու նպատակով միավորում են ռեսուրսներն անվտանգային և քաղաքական մարտահրավերների պայմաններում՝ ձևավորելով միասնական քաղաքական օրակարգ։
«Համագործակցությունը հիմնված է Հայաստանի անկախության և ժողովրդավարության պահպանման, հայ գերիների վերադարձի առաջնահերթության, Հայ Առաքելական եկեղեցու դերի կարևորության, ինչպես նաև հասարակական վստահության ու համահայկական ներուժի համախմբման վրա»,- տեղեկանում ենք կուսակցության հայտարարությունից։
«Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստանը» մարտի 31-ին նախընտրական դաշինքի ստեղծման հուշագիր էր ստորագրել «Նոր դարաշրջան» և «Միավորված հայեր» կուսակցությունների հետ։ Կարապետյանի ուժին սատարելու մասին հայտարարել էին Հայաստանի ժողովրդավարական ազատական միությունը, ինչպես նաև «Կայունություն», «Ազատություն» և «Ժառանգություն» կուսակցությունները:
ԶԼՄ-ները մարտին գրել էին, որ «Ապրելու երկիր» կուսակցության համագործակցությունը Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության հետ չի ստացվել։ ԶԼՄ-ներն այսօր չէին բացառել, որ քաղաքական ուժը և «ՀայաՔվեն» ընտրություններին ընդառաջ կարող են միանալ «Ուժեղ Հայաստանին»։
























