Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) հույս է հայտնել, որ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը կդառնա Հարավային Կովկասում հուսալի և կայուն խաղաղության հաստատման հիմքը, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Տաալատբեկ Մասադիկովը։
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել կովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակը, որտեղ այս պահին, ըստ նրա, կայունության հասնելու ուղիների որոնումներ են։
«Մենք չենք թուլացնում ուշադրությունը հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանի նկատմամբ։ Արձանագրում ենք հուսադրող միտումներ՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական համապարփակ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը»,- նշել է նա։
ՀԱՊԿ ներկայացուցիչը հավելել է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը միակ հուսալի ճանապարհն է դեպի Հարավային Կովկասի երկարատև կայունություն։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի սկզբին հայտարարել էր, որ եթե Ռուսաստանը սահմանափակումներ կիրառի Հայաստանի դեմ, ապա երկիրը պատրաստ է լքել ԵԱՏՄ-ն և ՀԱՊԿ-ը։
Ապրիլի 6-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ էր արել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն ավելի զգույշ և նրբանկատ լինել Հայաստանի հետ աշխատանքում։






































