ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Լիբանանում 10-օրյա հրադադարի հաստատումը, ասվում է X-ում գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
Մենք հույս ունենք, որ այս զարգացումը կնպաստի տարածաշրջանում համապարփակ և կայուն խաղաղությանը՝ հարգելով կողմերի տարածքային ամբողջականությունը։
ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ այս զարգացումը կնպաստի տարածաշրջանում համապարփակ և տևական խաղաղության հաստատմանը՝ կողմերի տարածքային ամբողջականության հարգմամբ։
Գերատեսչությունից նաև հիշեցրել են, որ Լիբանանում ՀՀ դեսպանությունը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով՝ ապահովելով անհրաժեշտ խորհրդատվություն և հյուպատոսական ծառայությունների մատուցում:
Նշվում է, որ Լիբանանի օդային տարածքը բաց է. շաբաթական երկու անգամ իրականացվում են Բեյրութ-Երևան ուղիղ չվերթեր։ Ըստ ԱԳՆ-ի՝ պարբերաբար անցկացվում են հանդիպումներ Լիբանանում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ՝ զարգացումների հետևանքով առաջացող հնարավոր մարտահրավերների շրջանակը և, ըստ անհրաժեշտության, լրացուցիչ աշխատանքները քննարկելու նպատակով։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 16-ին հայտարարել էր Իսրայելի և «Հեզբոլլահ» շարժման միջև հրադադարի հաստատման մասին։ Համաձայնությունը ձեռք էր բերվել Իրանի դեմ պատերազմին հաջորդած՝ Լիբանանում հակամարտության սրացումից վեց շաբաթ անց, կգործի տասը օր։
Լիբանանի «Հեզբոլլահ» շարժումը հայտարարել էր, որ պատրաստ է հետևել հրադադարի պայմանավորվածությանը, բայց որոշակի վերապահումներով։



































