ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա խորհրդականներն Իրանի հետ Պակիստանում անցկացված անարդյունք բանակցություններից հետո դիտարկում են Իսլամական Հանրապետության դեմ հարվածների վերսկսման հնարավորությունը, գրել է The Wall Street Journal-ը։
Նշվում է, որ հարվածները նախատեսում են սահմանափակ ծավալով՝ Թեհրանին զիջումների մղելու նպատակով։ Թերթի տվյալներով՝ Իրանի դեմ ռմբակոծությունների լայնածավալ վերսկսումը ևս չի բացառվում, բայց նման սցենարը դիտարկվում է որպես քիչ հավանական, քանի որ կարող է ապակայունացնել տարածաշրջանը և ԱՄՆ-ին ներքաշել երկարատև զինված հակամարտության մեջ։
ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունն (CENTCOM), իր հերթին, հայտարարել է, որ երկրի զինված ուժերն ապրիլի 13-ից կսկսեն Իրանի ծովային շրջափակումը՝ արգելափակելով Իրանի նավահանգիստներ ուղղվող և այնտեղից դուրս եկող բոլոր նավերի շարժը։
ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ էին հասցրել Իրանին փետրվարի 28-ին: Հարձակումների հետևանքով զոհվել էին բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին: Թեհրանը պատասխանել էր՝ հարվածներ հասցնելով տարածաշրջանում ԱՄՆ-ի թիրախներին և Իսրայելին: Ապրիլի 8-ին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության էին եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ, որը ներառում էր Հորմուզի նեղուցի անհապաղ բացում:
Ապրիլի 11-ին Իրանը և ԱՄՆ-ն Իսլամաբադում անցկացված բանակցություններում համաձայնության չէին եկել։






































