Ամերիկյան ընկերության ներկայացուցիչների այցը Հայաստան, որը պետք է իրականացվեր TRIPP («Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») նախագծի շրջանակներում տարածքի ուսումնասիրության համար, հետաձգվել է Իրանի հետ պատերազմի պատճառով, գրել է Foreign Policy-ն՝ հղում անելով հայաստանյան աղբյուրներին։
Ըստ լրատվականի՝ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունն Իրանի նկատմամբ կարող է խաթարել Հայաստանի և Ադրբեջանի միջև միակ հաջողված խաղաղության համաձայնագիրը»։
Նախորդ տարի Թրամփին հաջողվել էր խթան հաղորդել վաղեմի հակառակորդների միջև խաղաղության գործընթացին և զգալի դիվանագիտական առաջընթացի հասնել, նշել է պարբերականը, ապա փաստել՝ Թրամփի չափազանցված գլոբալ խաղաղության ջանքերի ֆոնին սա իսկական հաղթանակ էր:
«Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաները մտահոգություն են հայտնում, որ Թրամփի արտաքին քաղաքականության վստահելի նեղ շրջանակը շեղել է ուշադրությունը տարածաշրջանից։ Նույնիսկ հայտարարված հրադադարի դեպքում Սպիտակ տունը որոշ ժամանակ կմնա կենտրոնացած Իրանի վրա։ Արդյունքում՝ Կովկասում խաղաղության խթանը կարող է կորսվել»,- նշել է հեղինակը։
Միացյալ Նահանգները և Հայաստանը դեռևս պայմանագիր չեն ստորագրել այս երթուղին շահագործող ընկերություն ստեղծելու համար։ Այս գործընթացը վարում է Թրամփի խորհրդական Սթիվ Ուիտկոֆի գլխավորած փոքր թիմը, որն արդեն իսկ զբաղված է Իրանով։
Ավելի լայն իմաստով՝ պատերազմը կարող է փոխել ԱՄՆ-ի առաջնահերթությունները Կովկասում այնպես, որ խաղաղությունն ավելի դժվար լինի։ Այս պահին TRIPP նախագիծը, ըստ հրապարակման, իրականում օգուտ կբերի Իրանին՝ վերականգնելով խորհրդային դարաշրջանի երկաթուղային կապերը։ Նախագիծը հատկապես օգտակար կլինի նաև Հայաստանի համար, որն Իրանի ամենակարևոր առևտրային և անվտանգության գործընկերն է, նշել է թերթը։
«Միացյալ Նահանգների ներգրավվածությունը վերջին մի քանի ամիսների ընթացքում ապահովել է զգալի առաջընթաց։ Այս գործոնի թուլացումը կլինի իրական փորձություն խաղաղության գործընթացի համար»,- գրում է հրատարակությունը։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի: Կողմերը նաև նախաստորագրել էին խաղաղության համաձայնագրի նախագիծ, որն օգոստոսի 11-ին հրապարակվել էր ՀՀ ԱԳՆ-ի կողմից: Փաստաթղթի համաձայն՝ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և հետագայում նման պահանջներ չեն առաջադրելու:




































