Իրանը տարածաշրջանային միջնորդներին փոխանցել է, որ Իսլամաբադում ԱՄՆ-ի հետ բանակցություններին իր մասնակցությունը կախված է Լիբանանում հրադադարի հաստատումից, հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Այդ աղբյուրների համաձայն՝ Իրանը նաև զգուշացրել է, որ կշարունակի հարվածել տարածաշրջանային երկրներին, այդ թվում՝ Իսրայելին, եթե Իսրայելը շարունակի հարվածել Լիբանանին և Իրանին:
Իրանի Tasnim լրատվական գործակալությունը նույնպես հաղորդել է, որ Իրանը կարող է դուրս գալ խաղաղության համաձայնագրից, եթե Իսրայելը շարունակի խախտել հրադադարը և հարձակվել Լիբանանի վրա:
Ըստ ՏԱՍՍ-ի՝ Լիբանանում լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման դեմ ռազմական գործողությունների դադարեցումը համաձայնագրի պայմաններից մեկն էր և, հետևաբար, Թեհրանն իրեն իրավունք է վերապահում դուրս գալ դրանից:
Լիբանանին Իսրայելի հարվածներից հետո Իրանը կրկին կասեցրել է նավթատարների անցումը Հորմուզի նեղուցով, հաղորդում է IRNA-ն: Քուվեյթի Ներքին գործերի նախարարությունը հայտնել է նավթային կորպորացիային և երկրի էլեկտրաէներգիայի ու ջրամատակարարման նախարարությանը պատկանող օբյեկտներին իրանական անօդաչու թռչող սարքերով հարվածների մասին:
Ավելի վաղ Իսրայելն ամենածանր հարվածներն էր հասցրել Լիբանանին «Հեզբոլլահի» հետ մարտ ամսին սկսված հակամարտության սկզբից ի վեր, հայտնել է Reuters-ը: Իսրայելական զինվորականները պնդում են, որ հարվածներ են հասցրել Բեյրութում, Բեքաա հովտում և հարավային Լիբանանում գտնվող «Հեզբոլլահ»-ի ավելի քան 100 հրամանատարական կենտրոնների և ռազմական օբյեկտների:
Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Բեյրութի կենտրոնում գտնվող բնակելի թաղամասերի վրա Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհվել էր 112 մարդ, զոհերի ընդհանուր թիվը հասել էր 837-ի:
Reuters-ը նշում է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նախկինում հայտարարել էր, որ հրադադարը չի տարածվում Լիբանանի վրա, իսկ Իսրայելի զինվորականները հայտարարել էին, որ «Հեզբոլլահ»-ի դեմ գործողությունները կշարունակվեն:
Ըստ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի՝ հրադադարը կտարածվի նաև Լիբանանի վրա: Ըստ աղբյուրների՝ «Հեզբոլլահ»-ը դադարեցրել է իսրայելական թիրախների վրա հարձակումներն ապրիլի 8-ի վաղ առավոտյան:
ԱՄՆ-ն և Իրանն ավելի վաղ համաձայնության էին եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ, որը ներառում էր Հորմուզի նեղուցի անհապաղ բացում:





































