Հայ հասարակությունը հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին անվտանգության հարցերի նկատմամբ մտահոգության բարձր մակարդակ և քաղաքական ինստիտուտների նկատմամբ անվստահություն է դրսևորում, վկայում է MPG/Gallup International Association-ի հարցումը, որն անցկացվել է մարտի 1-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում։ Հարցմանը մասնացել է 1001 քաղաքացի։ Ասուլիսի ուղիղ հեռարձակումը Armenia Today-ի Youtube-ի ալիքում:
Հարցվածների գրեթե կեսը (45,8%) երկրի գլխավոր խնդիր է համարում անվտանգային հարցերը: Երկրորդ և երրորդ տեղերում են գործազրկությունը (14,9%) և տնտեսական ընդհանուր իրավիճակը (13,5%): Ցանկը եզրափակում են սահմանների սահմանազատման խնդիրները (9,8%) և կրթական համակարգի վիճակը (9,7%):
Ինստիտուտների շարքում ամենամեծ վստահությունն են վայելում Զինված ուժերը (76,9%) և Հայ Առաքելական եկեղեցին (76,4%):
Միևնույն ժամանակ, հարցվածների ավելի քան կեսը (55%) կարծում է, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ: Միայն 22%-ն է հակառակ կարծիքին, ևս 23%-ը դժվարացել է պատասխանել:
Քաղաքացիների 31%-ը, որպես քաղբանտարկյալ, հիշատակել է «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ, տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանի անունը: Երկրորդ տեղում է Տավուշի թեմի նախկին առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը (20,3%), երրորդում՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը (11%): Ցանկում հայտնվել են նաև Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը (5,5%) և «Իմնեմնիմի» փոդքասթի վարողներ Նարեկ Սամսոնյանն (2,7%) ու Վազգեն Սաղաթելյանը (1,6%):
Առաջիկա ընտրություններին մասնակցելու մտադրությունը հաստատել է հարցվածների 51,9%-ը: Հարցվածների 8,6%-ը պատասխանել է, որ «ավելի շուտ կմասնակցի»: Քվեարկելուց միանշանակ հրաժարվել է 9,5%-ը, պատասխանել դժվարացել է հարցման մասնակիցների 24,8%-ը։
Եթե ընտրությունները տեղի ունենային առաջիկա կիրակի օրը, ըստ հարցման տվյալների՝ խորհրդարան կարող էին անցնել «Քաղաքացիական պայմանագիրը», «Ուժեղ Հայաստանը», «Բարգավաճ Հայաստանը» և «Հայաստան» դաշինքը: Մնացած քաղաքական ուժերը, այդ տվյալներով, չեն հաղթահարում ընտրական շեմը։
Ընդ որում՝ հարցման մասնակիցների 14,3%-ը դժվարացել է պատասխանել, թե ո՞ր քաղաքական ուժին կտար իր ձայնը։ Նույն հարցին 11,4%-ը հրաժարվել է պատասխանել, 8,1%-ը հայտարարել է, որ չի գնա ընտրությունների, ևս 2,7%-ը մտադիր է փչացնել քվեաթերթիկը:
Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել մեկ տասնյակից ավելի քաղաքական ուժեր։ Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Միասնության թևեր» նախաձեռնությունը, Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) և այլ քաղաքական ուժեր հայտարարել էին ընտրություններին մասնակցելու մտադրության մասին:
Ընտրական քարտեզի մասին ավելին կարող եք իմանալ Armenia Today-ի տեսանյութում:
































