Արմավիրի մարզպետի աշխատակազմը մեկնաբանել է հրապարակումը, թե Սարդարապատ համայնքի դպրոցի տնօրենն ազատվել է աշխատանքից Արցախի դրոշի պատճառով:
Մարզպետի աշխատակազմից նշում են, որ հոդվածում առկա տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
«Հրապարակ» օրաթերթն ապրիլի 3-ին գրել էր, որ համայնքի դպրոցի տնօրեն Կարինե Սմբատյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել՝ հրաժարվելով հեռացնել Արցախի դրոշը կրթօջախի «Փառքի անկյունից», որը դպրոցին էին փոխանցել Հադրութի զինծառայողները։
Ըստ հաղորդագրության՝ Սմբատյանը պաշտոնից ազատվել է աշխատանքային պարտականությունները խախտելու համար: Խախտումներն էլ, մարզպետարանի պնդմամբ, արձանագրվել են ՀՀ կրթության տեսչական մարմնի կողմից դպրոցում ստուգման արդյունքում:
Տեսչական մարմինը բացահայտել է դպրոցում ուսուցչի թափուր տեղերի համալրման կարգի խախտումներ, համապատասխան մրցույթներ չհայտարարելը, որոշ աշակերտների հեռավար ուսուցումը սահմանված կարգով չիրականացնելը, դպրոցի ծնողական խորհրդի նախագահի ընտրության և մանկավարժական խորհրդում նրա ընդգրկվածության հետ կապված խնդիրներ, նշել են մարզպետարանից:
Ըստ գերատեսչության՝ դպրոցի տնօրենին հնարավորություն է տրվել գրավոր բացատրություններ ներկայացնել հայտնաբերված խախտումների վերաբերյալ, սակայն նա չի ընդունել արձանագրված խախտումները: Մարզպետի որոշմամբ՝ տնօրենն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, հայտնել են մարզպետի աշխատակազմից։
Պարբերականը, մինչդեռ, պնդել էր, որ ԿԳՄՍ նախարարության շրջաբերականից հետո մարզային իշխանությունները տնօրենի առաջ պայման էին դրել՝ հեռացնել դրոշը կամ լքել պաշտոնը։






































