Հայաստանից Ռուսաստան մատակարարվող բուսական և կենդանական ծագման ապրանքների նկատմամբ մի քանի տարի առաջ առաջացած պահանջները շարունակում են պահպանվել, «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է «Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտը:
Ըստ նրա՝ Հայաստանից ներկրվող ապրանքների տեսականին ու ծավալները հիմք են տալիս ենթադրելու, որ ոչ բոլոր այդ ապրանքներն ունեն հայկական ծագում: Գերատեսչության ղեկավարը հիշեցրել է, որ այս խնդրով «Ռոսսելխոզնադզորն» զբաղվել էր նաև 2023 և 2024 թվականներին:
Դանկվերտը նշել է, որ խոսքը, հիմնականում, վերաբերում է ապրանքների մատակարարումների անտրամաբանական աճին: Որպես օրինակ՝ նա բերել է ծաղիկների մատակարարումը, որը երեք տարվա ընթացքում Հայաստանն ավելացրել է 36 միլիոնից մինչև ավելի քան 100 միլիոն հատով:
«Մենք ստիպված էինք ֆիտոսանիտարական հսկողությունը տեղափոխել սահմանին ավելի մոտ»,- ասել է Դանկվերտը՝ հավելելով, որ մեծ քանակությամբ ապրանքներ չեն հասնում նախատեսված վայրեր:
«Ռոսսելխոզնադզորի» ղեկավարը հայտնել է, որ անհրաժեշտ է ապրանքների ախտահանում իրականացնել, իսկ ծաղիկների դեպքում պետք է հավաստագրվեն արտադրության վայրերը:
Կենդանական ծագման ապրանքների մատակարարման հետ կապված խնդիրներին անդրադառնալով՝ Դանկվերտը նշել է, որ մատակարարվող ապրանքների մի մասը նույնպես կարող է ոչ հայկական ծագում ունենալ: Նա հատուկ առանձնացրել է կարագը, պանիրը և կարմրախայտ տեսակի ձուկը:
«Հայաստանի լեռնային գետերի կարմրախայտը ոչ մի կերպ չի կարող նմանվել նորվեգականին»,- ընդգծել է Դանկվերտը:
Նրա խոսքով՝ այս ամենը հանգեցրել է Հայաստանից մատակարարումների նկատմամբ ավելի խիստ պահանջների կիրառմանը, այդ թվում՝ ապրանքների հետագծելիության ապահովման առումով:
Իրավիճակից ելքը Դանկվերտը տեսնում է ԵԱՏՄ շրջանակում անվտանգության վերահսկողության ինֆորմացիոն համակարգերի ինտեգրման միջոցով:
«Էլեկտրոնային համակարգերը թույլ են տալիս արագ հետևել մատակարարվող ապրանքներին և ավելի արդյունավետ աշխատել»,- ասել է նա՝ միաժամանակ նշելով, որ Միության շրջանակում դեռևս դա չի հաջողվում իրականացնել:
2025-ի ամռանը ստուգումներ էին սկսվել ծաղիկ աճեցնող ընկերությունների նկատմամբ ռուսական կողմի՝ բուսասանիտարական պահանջների վերաբերյալ կրկնակի զգուշացումներից հետո։






































