ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն այլևս չի օգնի այն երկրներին, որոնք հրաժարվել են մասնակցել Հորմուզի նեղուցի ապաշրջափակմանն ուղղված միջոցառումներին։
«Դուք ստիպված կլինեք սովորել կռվել ձեզ համար, ԱՄՆ-ն այլևս ձեր կողքին չի լինի, երբ օգնության կարիք լինի, ինչպես դուք մեր կողքին չէիք»,- գրել է Թրամփը Truth Social-ում:
Անդրադառնալով Հորմուզի նեղուցի հետ կապված խնդրի պատճառով ավիացիոն վառելիք չստացող երկրներին՝ ԱՄՆ նախագահը հատուկ առաջարկ է արել Մեծ Բրիտանիային, որը, նրա խոսքով, հրաժարվել է մասնակցել «Իրանի գլխատմանը»:
«Առաջին՝ գնեք ԱՄՆ-ից. մենք առատ քանակությամբ վառելիք ունենք: Երկրորդ՝ վերջապես քաջություն հավաքեք, գնացեք նեղուց և պարզապես վերցրեք այն (նավթը-խմբ.)»,- գրել է Թրամփը:
Նա վստահեցրել է, որ Իրանն «ավերված է», և որ գործողության ամենածանր մասն արդեն անցել է:
«Գնացեք և վերցրեք ձեր սեփական նավթը»,- կոչ է արել ԱՄՆ առաջնորդը:
Թրամփը քննադատության է ենթարկել նաև Ֆրանսիային, որը, նրա խոսքով, չի թույլատրել իր օդային տարածքով Իսրայել մեկնող ռազմական բեռներով ինքնաթիռների անցումը: Նա խոստացել է, որ «ԱՄՆ-ն կհիշի» նման որոշումը:
ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին լայնածավալ ռազմական գործողություն էին սկսել Իրանի դեմ: Հարվածների թիրախում էին Իրանի միջուկային օբյեկտները, ինչպես նաև երկրի ռազմական ենթակառուցվածքները: Գործողության արդյունքում զոհվել էին Իրանի բարձրաստիճան զինվորականներ և պաշտոնյաներ, այդ թվում՝ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին:
Իրանն ի պատասխան՝ հարվածներ էր հասցրել տարածաշրջանի մի շարք երկրներում ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախներին: Հարվածներ էին հասցվել Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Սաուդյան Արաբիայում գտնվող ամերիկյան ռազմակայաններին ու դիվանագիտական ներկայացուցչություններին:





































