Իսրայելը մտադիր է Լիբանանի հարավում վերահսկողություն հաստատել մինչև Էլ-Լիտանի գետը, «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է երկրի Պաշտպանության նախարար Իսրայել Կացը:
Կացը նշել է, որ վերահսկողության հաստատումն Իսրայելի հյուսիսային շրջանների անվտանգության ապահովման նպատակով ստեղծվող անվտանգության գոտու շրջանակում է։
Նրա խոսքով՝ վերահսկողության տակ վերցնելու արդյունքում սահմանամերձ գյուղերը կվերացվեն։ Կացը հավելել է, որ գործողության ավարտից հետո զորքերը կտեղակայվեն Լիբանանի տարածքում ստեղծված անվտանգության գոտում։
Լիբանանի հարավից տարհանված ավելի քան 600 000 բնակչի վերադարձն Էլ-Լիտանի գետից հարավ, ըստ նրա, խստիվ արգելվելու է այնքան ժամանակ, քանի դեռ չեն ապահովվել Իսրայելի հյուսիսային՝ Լիբանանի հետ սահմանակից շրջանների բնակիչների անվտանգությունն ու պաշտպանությունը:
Նախարարը շեշտել է՝ Լիբանանի՝ Իսրայելին սահմանին հարող գյուղերի բոլոր տները կոչնչացվեն, ինչպես դա տեղի էր ունեցել Գազայի հատվածում:
ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին լայնածավալ ռազմական գործողություն էին սկսել Իրանի դեմ: Հարվածների թիրախում էին Իրանի միջուկային օբյեկտները, ինչպես նաև երկրի ռազմական ենթակառուցվածքները: Գործողության արդյունքում զոհվել էին Իրանի բարձրաստիճան զինվորականներ և պաշտոնյաներ, այդ թվում՝ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին:
Իրանն ի պատասխան՝ հարվածներ էր հասցրել տարածաշրջանի մի շարք երկրներում ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախներին: Հարվածներ էին հասցվել Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Սաուդյան Արաբիայում գտնվող ամերիկյան ռազմակայաններին ու դիվանագիտական ներկայացուցչություններին: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մարտի 31-ին հայտարարել էր, որ Իրանի դեմ պատերազմի առաքելությունների կեսից ավելին կատարվել է։





































