Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ պատերազմն, «անշուշտ, անցել է կեսից ավելին», սակայն ավելի ուշ պարզաբանել է՝ խոսքը վերաբերում է ոչ թե ժամանակին, այլ կատարված առաքելություններին, հաղորդում է BBC-ն:
Նեթանյահուն, սակայն, հրաժարվել է նշել, թե երբ կհասնեն Իսրայելի ռազմական նպատակներին։ Իսրայելի վարչապետի խոսքով՝ պատերազմի ընթացքում սպանվել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «հազարավոր» անդամներ։ Նա նաև հայտարարել է, որ Իսրայելը և ԱՄՆ-ն «մոտ են սպառազինության արդյունաբերությունն ավարտին հասցնելուն»՝ «ոչնչացնելով ամբողջ գործարաններ և միջուկային ծրագիրը»։
Նեթանյահուն կրկին նշել է, որ Իրանում իշխանափոխությունն Իսրայելի նպատակը չէ, սակայն վստահություն է հայտնել, որ Իսլամական Հանրապետությունը կարող է «ներսից փլուզվել»։
Միաժամանակ՝ հաղորդվում է Իսրայելում և Իրանում նոր հարվածների մասին, ինչի հետևանքով Թեհրանի որոշ շրջաններ ժամանակավորապես հոսանքազրկվել են։
Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ բեկորների ընկնելու հետևանքով վնասվել էր ենթակայաններից մեկը։ BBC-ն նաև հաղորդում է, որ Թեհրանում պայթյունների ձայներ են լսվել։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, իր հերթին, նոր սպառնալիքներ է հնչեցրել՝ հայտարարելով, որ եթե շուտով համաձայնություն չկնքվի, ապա կարող են «ոչնչացվել» Իրանի էլեկտրակայանները, նավթահորերը և, հնարավոր է, ջրի աղազերծման կայանները։
Թրամփը նշել էր, որ Իրանի հետ ընթանում են «լուրջ» բանակցություններ, սակայն Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը պետական լրատվամիջոցներին հայտնել էր, որ պատերազմի դադարեցման շուրջ ԱՄՆ-ի հետ որևէ բանակցություն չի ընթանում։





































