«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններում մտադիր չէ իր ձայնը տալ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, հայտարարել է կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
Նրա խոսքով՝ «Քաղաքացիական պայմանագրի» անդամները, «չկարողանալով գտնել որևէ մեղադրանքներ» «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ և «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի դեմ, սկսել են տարածել մեղադրանքներ՝ կապված Քոչարյանին հնարավոր աջակցության հետ։
«Սա ապացույցն է, որ նրանք չեն կարողանում ոչինչ գտնել Կարապետյանի դեմ»,- ասել է նա։
Կուսակցության քաղխորհրդի անդամն ընդգծել է, որ «Ուժեղ Հայաստանն» աջակցելու է Կարապետյանի թեկնածությանը։
«Մեր ուժը ձայնը տալու է Կարապետյանին` որպես Հայաստանի վարչապետ։ Ով կասկածի՝ ասեք՝ Նարեկը գրազ է գալիս։ Ինչ գրազ ուզում են, թող ասեն»,- հայտարարել է նա։
Ավելի ուշ ԱԺ փոխխոսնակ, «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Կարապետյանի գրազը՝ միևնույն ժամանակ փոխելով մարտահրավերի պայմանները։
«Ես պնդում եմ, որ անկախ ընտրությունների արդյունքներից՝ իրենց ձայնը ոչ թե Կարապետյանին, այլ ուրիշ մարդու են տալու։ Գրազ եմ գալիս 1 մլրդ դոլարի վրա՝ պայմանով, որ եթե իրենք են հաղթում, այդ գումարն անհապաղ մուծում են ՀՀ պետբյուջե։ Եթե ես եմ պարտվում, սպիտակ թղթի վրա ինչ ուզում են գրեն, կանեմ։ Թող գրեն՝ ինքնասպանություն գործիր, կանեմ»,- նշել է Ռուբինյանը՝ գրազը հաստատելու համար 12 ժամ տալով քաղաքական ուժին։
«Ուժեղ Հայաստանը» մարտի 28-ին հայտարարել էր, որ ընտրություններին պատրաստ է մասնակցել նոր ուժերի հետ՝ դաշինքով։
Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել մեկ տասնյակից ավելի քաղաքական ուժեր։ Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Միասնության թևեր» նախաձեռնությունը, Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) և այլ քաղաքական ուժեր հայտարարել էին ընտրություններին մասնակցելու մտադրության մասին:
Դիտեք նաև՝



































