Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ այս պահին հստակ նախաձեռնություն չկա, Al-Araby Al-Jadeed թերթին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Թեհրանը կողջունի ցանկացած տարածաշրջանային նախաձեռնություն, որը կհանգեցնի պատերազմի արդար ավարտին»,- հավելել է նա։
Արաղչին նաև անդրադարձել է Իրանի նոր Գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի վիճակին՝ նշելով, որ նա իրեն լավ է զգում և լիովին վերահսկում է իրավիճակը երկրում։ Նա հավելել է, որ մոտ ժամանակում վերջինս կհայտնվի հանրության առաջ։
Իրանի ԱԳ նախարարը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն օգտագործում է իրանական «Շահեդ» անօդաչուներին նմանեցվող սարքեր՝ հարվածներ հասցնելու համար։ Նրա խոսքով՝ այդ անօդաչուն կոչվում է Lucas և կիրառվում է արաբական երկրներում՝ թիրախների դեմ։
Reuters-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մերժել է Մերձավոր Արևելքի դաշնակիցների փորձերը՝ դիվանագիտական բանակցություններ սկսելու համար։ Իրանն, իր հերթին, ըստ աղբյուրների, մերժել է որևէ հրադադարի հնարավորություն, քանի դեռ չեն դադարել ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները։ Reuters-ին իրանական երկու բարձրաստիճան աղբյուր հայտնել է, որ մի քանի երկիր փորձել է հանդես գալ որպես հակամարտության դադարեցման միջնորդ:
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից ի վեր հարվածներ են հասցնում Իրանին։ Հարձակումների հետևանքով զոհվել են բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Թեհրանը պատասխանել է՝ տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախներին հարվածներ հասցնելով։






































