ԱՄՆ-ի Օրլանդո քաղաքից 35-ամյա կին է կալանավորվել փոփ աստղ Ռիհաննայի տան ուղղությամբ կրակոցներ արձակելու դեպքից հետո, BBC-ի փոխանցմամբ՝ հայտնել են դատախազները։
Իվաննա Լիսետ Օրտիսը մեղադրվում է կիրակի օրը կիսաավտոմատ հրացանով երգչուհու Լոս Անջելեսում գտնվող առանձնատան ուղղությամբ կրակ բացելու համար։ Կրակոցների հետևանքով ոչ ոք չի տուժել։ Օրտիսի համար սահմանվել է 1,875 միլիոն դոլարի գրավ, և նրան կարող է սպառնալ ցմահ ազատազրկում։
Ոստիկանությունը հետաքննում է հարձակման շարժառիթը, որը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Ռիհաննան և նրա ռեփեր գործընկեր Ռակիմ Մայերսը գտնվել են տանը։
Օրտիսը, ըստ իրավապահերի, մեքենայով մոտեցել է տան մուտքին, մի քանի անգամ կրակել շենքի ուղղությամբ, ապա փախել դեպքի վայրից։ Նրա «Տեսլան» հայտնաբերվել է երգչուհու տնից մոտ 12 կմ հեռավորության վրա՝ առևտրի կենտրոնում, որտեղ էլ կինը ձերբակալվել է։
Օրտիսին առաջադրվել են նաև մի շարք այլ մեղադրանքներ, այդ թվում՝ կիսաավտոմատ հրազենով հարձակման տասը ծանր հանցագործության հոդված և բնակեցված տան կամ բնակելի ավտոմեքենայի ուղղությամբ կրակելու երեք ծանր հոդված։





































