Ամերիկյան հետախուզությունը նախազգուշացրել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահվան հետևանքով Իրանի կողմից ԱՄՆ-ի դեմ հնարավոր հարձակումների մասին, ՌԲԿ-ի փոխանցմամբ՝ հայտնել է Reuters գործակալությունը:
ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության հետախուզության և վերլուծության վարչությունը գտնում է, որ Թեհրանը և նրա դաշնակիցները կարող են հարձակումներ իրականացնել ԱՄՆ-ի վրա՝ ի պատասխան Խամենեիի սպանության: Միևնույն ժամանակ, հետախուզության գնահատմամբ, լայնածավալ հարձակումը քիչ հավանական է:
Պարբերականի փոխանցմամբ՝ մոտ ժամանակներս մտահոգություն են առաջացնում Իրանի հետ կապված հնարավոր կիբեռհարձակումները, ինչպիսիք են կայքերի կոտրումը և DoS-հարձակումները:
«Անմիջականորեն համակարգում եմ իմ գործողությունները հետախուզական և իրավապահ մարմինների հետ, շարունակում ենք ուշադիր հետևել ազգային անվտանգության ցանկացած պոտենցիալ սպառնալիքի և կանխել դրանք»,- ասել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը:
Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր Խամենեիի մահը:





































