ՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել է Մերձավոր Արևելքի երկրներով տարանցիկ չվերթերի չեղարկման կամ հետաձգման պատճառով այնտեղ գտնվող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ հարցին։
Նշվում է, որ այս պահի դրությամբ՝ զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիների լինելու վերաբերյալ տեղեկություններ չկան։ Ըստ ԱԳՆ-ի՝ Մերձավոր Արևելքի երկրներում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները շարունակում են աշխատել շուրջօրյա արտակարգ ռեժիմով՝ ցուցաբերելով անհրաժեշտ օժանդակություն։
Գերատեսչությունը քննարկումներ է իրականացնում ավիաընկերությունների (այդ թվում՝ FlyOne, FlyDubai, Air Arabia, Qatar Airways) հետ՝ հնարավոր թռիչքների տարբերակներ և դրանց կազմակերպմանը հնարավոր աջակցություն դիտարկելու նպատակով:
Ըստ ԱԳՆ-ի՝ կան նաև ՀՀ քաղաքացիներ, որոնք չեն կարողացել վերադառնալ Հայաստան այլ՝ տարածաշրջանից դուրս գտնվող երկրներից՝ տարանցիկ չվերթերի չեղարկման պատճառով: Համապատասխան երկրներում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններն անհատական կապի մեջ են այդ քաղաքացիների հետ՝ մինչև ՀՀ վերադառնալը հնարավոր աջակցություն ցուցաբերելու նպատակով:
ԱԳՆ-ից հավելել են, որ Իրանի և Իսրայելի ՀՀ դեսպանություններում և հյուպատոսական բաժիններում ՀՀ քաղաքացիների կողմից դիմումների մեծ թիվ չի գրանցվել։
Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահը: Երկու կողմում էլ զոհերի թիվը ժամ առ ժամ փոխվում է։
Կարդացեք նաև՝
ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիների՝ Օմանով Հայաստան մեկնելու հնարավորության մասին




































