Աֆղանստանի և Պակիստանի միջև երկարամյա հակամարտությունը փետրվարի 26-ի լույս 27-ի գիշերը վերածվել է բաց ռազմական առճակատման՝ հարյուրավոր զոհերով և փոխադարձ ավիահարվածներով, հայտնում է BBC-ն։
Աֆղանական ուժերն, ի պատասխան Պակիստանի նախորդ օրերի ավիահարվածների, լայնածավալ հարձակողական գործողություն են սկսել սահմանային շրջաններում՝ հարվածներ հասցնելով Աբբոտաբադի, Ջամրուդի, Նաուշերայի և Ֆայզաբադի շրջաններում գտնվող պակիստանյան ռազմական բազաներին, այդ թվում՝ ենթադրաբար միջուկային ենթակառուցվածքին:
Պակիստանը պատասխանել է ավիահարվածներով՝ թիրախավորելով Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլը, ինչպես նաև Քանդահար և Փաքթիա նահանգները: Պակիստանի ռազմաօդային ուժերի F-16 ինքնաթիռի խոցման մասին աֆղանական կողմի պնդումներն Իսլամաբադը դեռ չի հաստատել: Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը հայտարարել է Աֆղանստանի հետ «բաց պատերազմի» մասին՝ երկու կողմից հաղորդվող ծանր կորուստների ֆոնին:
Իսլամաբադը պնդում է, որ ոչնչացրել է շուրջ 133 աֆղան զինյալի և 80 միավոր ռազմական տեխնիկա, մինչդեռ Քաբուլը հայտնում է 55 պակիստանցի զինծառայողի զոհվելու, 15 սահմանային կետի և երկու ռազմակայանի գրավման մասին: Սեփական կորուստների վերաբերյալ տվյալները ևս հակասական են. Աֆղանստանը խոստովանում է 8 զինծառայողի կորուստ, մինչդեռ Պակիստանը չի հրապարակում զոհերի թիվը։
Նախօրեին մեկնարկած իրադարձությունների ֆոնին միջազգային հանրությունը կոչ է անում զսպվածություն և կրակի դադարեցում: Չինաստանը, Իրանն ու Ռուսաստանն արդեն առաջարկել են իրենց միջնորդական ծառայությունները՝ փորձելով կանխել հակամարտության վերաճումը լայնամասշտաբ տարածաշրջանային պատերազմի: Կողմերի միջև բախումներ էին սկսվել նաև նախորդ տարվա հոկտեմբերին:





































