ԿԳՄՍ նախարարությունը գրություն է ուղարկել դպրոցներ՝ պահանջելով հեռացնել արցախյան պատերազմներում զոհվածների Փառքի անկյունները և դրանք փոխարինել Հայաստանի զինանշանով ու դրոշով՝ «Լավ սովորիր, որ լավ ապրես» գրությամբ, գրել է «Հրապարակ»-ը։
Թերթը հիշեցնում է, որ նմանատիպ տեղեկություններ էին շրջանառվել երկու տարի առաջ, սակայն այն ժամանակ հանրության բողոքի ալիքից հետո գործընթացը կանգ էր առել: Այժմ, ըստ պարբերականի, իշխանությունները փորձում են կրկին առաջ մղել այդ նախաձեռնությունը:
Պարբերականի տեղեկություններով՝ գործընթացն իրականացնելու պատասխանատվությունը դրվել է մարզպետների վրա, քանի որ որոշ տնօրեններ հրաժարվում են ինքնակամ կատարել այդ «ապազգային որոշումը»:
ԿԳՄՍՆ-ից 2024-ին Armenia Today-ին մեկնաբանել էին տեղեկությունները, թե գերատեսչությունը հրահանգել է ապամոնտաժել դպրոցներում Փառքի անկյունները։ Նախարարությունից դա անհեթեթ սուտ էին որակել: ԿԳՄՍՆ տեղեկատվության բաժնի պետ Կարինե Մանուկյանն ասել էր՝ հատուկ ուսումնասիրություն չեն անցկացրել, սակայն հանրապետության դպրոցներում մեծ թափով վերանորոգման աշխատանքներ էին կատարվում, որի պատճառով կարող էր նման դեպք լինել։
Մամուլը նախորդ ամիս՝ հունվարին, հայտնել էր, որ Հայաստանի իշխանությունները փորձել են խանգարել «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ի և «Մունք» տեխնոդպրոցի մշակութային մեծ միջոցառումը։





































