Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հ. Թ.-ն (Հովհաննես Թամամյան-խմբ.) ձերբակալվել է «Մարտի 1-ի» գործի շրջանակներում, հայտնել է Քննչական կոմիտեն։
Ըստ հրապարակման՝ նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածների 3-րդ մասով (Պաշտոնեական լիազորություններն անցնելուն հանցակցելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 4 տարի ժամկետով)։
Թամամյանը, ՔԿ-ի փոխանցմամբ, 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան ՀՀ ոստիկանության ծառայողներին հանձնարարել էր ծեծի ենթարկել Երևանի Ազատության հրապարակում իրականացվող հանրահավաքի մասնակից Է․Ա․-ին և տեղափոխել ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն։
Քննությունը պնդում է, որ տուժողի նկատմամբ բռնություն է կիրառվել՝ նրան բազմիցս հարվածել են՝ պատճառելով մարմնական ծանր վնասվածքներ։
«Մարտի 1»-ի քրեական գործով փետրվարին արդեն մեղադրանքներ էին առաջադրվել ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին և Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանին՝ մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ Ազատության հրապարակում հավաքված ցուցարարների ցրումը կազմակերպելու համար:
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը փետրվարի 24-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հաստատել էր, որ գործով նոր մեղադրյալներ են լինելու:






































