Դատարանը «Սրբազան պայքարի» գործով դատական նիստում 2 ամսով երկարաձգել է շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանքի ժամկետը։
Նիստում քննարկվել է նաև գործով անցնող Իգոր Սարգսյանի, Հայկ Շահնազարյանի և Արա Ռոստոմյանի խափանման միջոցների հարցը։ Սարգսյանի տնային կալանքը երկարաձգվել է 3 ամսով:
Դատարանը բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը և, վարչական հսկողություն խափանման միջոցը թողնելով անփոփոխ, վերացրել է Ռոստոմյանի և Շահնազարյանի՝ էլեկտրոնային վերահսկողության սարք կրելու պայմանը։ Միջնորդությունները պայմանավորված էին բժշկական հետազոտություններ անցնելու անհրաժեշտությամբ, որն անհնար է իրականացնել էլեկտրոնային սարքով։
Նիստից հետո փաստաբան Հովհաննես Խուդոյանը նշել է, որ գործով անցնող բոլոր անձանց վերաբերյալ որոշումները նույն տեքստով են, և դրանցում որևէ տրամաբանություն չկա։ Նա հավելել է, որ նպատակ ունեն դատական ակտը բողոքարկել՝ ընդհուպ մինչև Եվրոպական դատարան և շարունակել «այս դատական նիստերի դահլիճում բացահայտել մեղադրանքի սին լինելը և կեղծ ապացույցները»։
Հաջորդ դատական նիստը նշանակվել է փետրվարի 23-ին։
2025-ի հունիսի 25-ին ԱԱԾ-ն խուզարկություններ էր իրականացրել «Սրբազան պայքար» շարժման աջակիցների բնակարաններում: Կալանավորվել էր 16 անձ՝ իշխանությունը յուրացնելու և ահաբեկչություն նախապատրաստության մեղադրանքով, այդ թվում՝ շարժման առաջնորդ արքեպիսկոպոս Գալստանյանը: Նրանք մեղադրանքը չեն ընդունում:



































