ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, որտեղ վերջինս բացառել էր Բաքվում բանտարկված Արցախի առաջնորդների ազատ արձակման հնարավորությունը։
Գրիգորյանը շեշտել է, որ պաշտոնական Երևանը չի դադարեցնում ջանքերը գերիների վերադարձի հարցում։
«Մենք շարունակում ենք աշխատել բոլոր ձևաչափերով։ Մինչև հիմա աշխատել ենք ու կշարունակենք աշխատել։ Մենք այդ հարցը միայն հանդիպումներում չենք բարձրացնում, տարբեր ֆորմատներով հնարավորության դեպքում բարձրացվում է»,- ասել է նա։
Իր հարցազրույցում Ալիևը հաստատել էր, որ Բաքու կատարած այցի ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը բարձրացրել էր ռազմագերիների վերաբերյալ հարցը։ Խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ալիևը նշել էր, որ փաստաթղթի ստորագրման համար մնացել է լուծել տեխնիկական հարցեր։
Անդրադառնալով արցախահայերի վերադարձի թեմային՝ նա հավելել էր, որ Բաքուն պատրաստ է քննարկել այդ հնարավորությունը միայն փոխադարձության սկզբունքի հիման վրա։






































