«Միջազգային քրիստոնեական համերաշխություն» (CSI) իրավապաշտպան կազմակերպության նախագահ Ջոն Էյբների գլխավորած պատվիրակությունը Երևան կատարած այցի ընթացքում հանդիպել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և կալանքի տակ գտնվող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ։ Այս մասին Էյբները հայտարարել է Երևանում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։
Նա նշել է, որ կաթողիկոսի հետ հանդիպման ժամանակ պատվիրակության անդամները տեսել են, որ Հայ եկեղեցու առաջնորդը «վճռական է պաշտպանել իր հոտը և կատարել իր պարտականությունները»։
Էյբները նաև հայտնել է, որ կալանավայրում հանդիպման ժամանակ Բագրատ արքեպիսկոպոսը նրանց երկու նամակ է փոխանցել։ Մեկն ուղղված էր Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին (IRF Summit 2026), իսկ մյուսը՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին։
Գագաթնաժողովին ուղղված նամակում արքեպիսկոպոսը, մասնավորապես, խոսել է Հայաստանում հոգևորականների ձերբակալությունների, հոգևորականների նկատմամբ սպառնալիքների և ճնշումների, ինչպես նաև կաթողիկոսին փոխելու կառավարության արշավի մասին։
CSI-ի ղեկավարը կարծիք է հայտնել, որ Հայաստանի իշխանությունները փորձում են կանխել Հայ Առաքելական եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովի անցկացումն Ավստրիայում:
2025 թվականի նոյեմբերին Էյբներն այցելել էր Հայաստան՝ մասնակցելու Երևանում կայացած «Աղոթքի նախաճաշին»: Միջոցառման մասնակիցները կոչ էին արել Հայաստանի իշխանություններին ազատ արձակել արքեպիսկոպոսներ Միքայել Աջապահյանին, Գալստանյանին, եպիսկոպոս Մկրտիչ Պռոշյանին և «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին: Այցի ընթացքում Էյբները հանդիպել էր նաև «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի հետ:



































