«Տաշիր կապիտալ»-ը միջնորդել է կանխել ՀԷՑ-ի գույքը ձեռք բերելու կառավարության գործընթացը, հայտնել է ՀԷՑ ներկայացուցիչ Վարդան Ալոյանը։
Ըստ նրա՝ վարչական վարույթի շրջանակում ՀԷՑ-ը ներկայացրել էր միջնորդություն, որ կասեցնեն վարչական վարույթը, որովհետև Սահմանադրական դատարանը քննում է օրենսդրական փոփոխություններն ընկերության տնօրեն Սամվել Կարապետյանին ձերբակալելուց հետո։
«Քանի որ Սահմանադրական դատարանում այս պահին գործ է քննվում, դատարանն այդ հարցն էլ բարձրացրեց, թե կողմերն ի՞նչ կարծիք ունեն քննվող գործի հիմքով վարույթը կասեցնելու հետ կապված։ Այստեղ զուտ տեխնիկական դատավարական մեր դիրքորոշումը հայտնեցինք գլոբալ, չի կարող այդ նորմերը կիրառել որոշում կայացվել կամ այդ նորմերի կիրառմամբ արդեն իսկ կայացված որոշման հիման վրա դատարանը որոշի՝ իրավաչա՞փ է, թե՞ ոչ»,- նշել է Ալոյանը։
Ալոյանի խոսքով՝ ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին միջնորդել է որպես 3-րդ մարդ, որովհետև նա ՀԷՑ ներկայացուցիչը չէ, նրան ներկայացնելու իրավասություն չունի, հակառակը՝ իր և ընկերության շահերը հակադրվում են։
«Չէր կարող այնպես լինել, որ Պետրոսյանի շահերից բխի ՀԷՑ-ը լիցենզիայից չզրկելը, բայց, փաստացի, այս պահի դրությամբ դատարանը մերժեց, չթողեց երրորդ անձ ներգրավել, և ինձ՝ որպես ներկայացուցիչ, դատարանը թույլ չտվեց ներկայացնել ՀԷՑ-ը։ Ներկայացնում է Պետրոսյանի կողմից լիազորված անձը, ով դատական նիստերին ուղղակի չի ներկայանում և որևէ դիրքորոշում չի հայտնում, որովհետև ՀԷՑ-ի աշխատակից է»,- պարզաբանել է նա։
Ալոյանն ընդգծել է, որ նման պայմաններում ընկերությունը, փաստորեն, զրկված է պաշտպանությունից։
«Պատկերացրեք իրավիճակ, երբ ձեզ համար ամենակարևոր գործիքներից մեկը լիցենզիայից զրկում են, բայց դու որևէ ձայն չես հանում այդ մասով, որևէ դիրքորոշում չես հայտնում, որևէ առարկություն չես ներկայացնում, որևէ բողոքարկում չես իրականացնում, աբսուրդ է։ Այսինքն՝ քեզանից ինչ-որ մի բան գալիս են վերցնելու, դու, բնականաբար, դրա դեմ պիտի պայքարես»,- նշել է նա։
Կառավարությունն օգոստոսին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության՝ Ստոկհոլմի արբիտրաժում քննվող գործով իր շահերը պաշտպանելու համար ՀՀ բյուջեից 3,25 մլն դոլար էր հատկացրել՝ ամերիկյան Arnold & Porter ընկերության հետ պայմանագիր կնքելու համար։





































