Ռուսական ռազմական ուժերն սկսել են դուրս գալ դեռևս քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) կոալիցիայի կողմից վերահսկվող Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող դիրքերից, հաղորդում է Associated Press-ը:
Գործակալության տվյալներով, ըստ SDF մարտիկների, ռուսական զորքերը վերջին օրերին սկսել են դուրս բերել իրենց սարքավորումները Քամիշլիի օդանավակայանի մոտակայքում գտնվող բազայից: SDF մարտիկներից մեկն ասել է, որ ռուսական զորքերն սկսել էին տարհանել օդանավակայանի շրջակայքում գտնվող իրենց դիրքերը 5-6 օր առաջ՝ բեռնատար ինքնաթիռով տեղափոխելով սարքավորումները:
Քամիշլիի օդանավակայանից ռուսական զորքերի դուրսբերման մասին ավելի վաղ հայտնել էր Reuters-ը: Գործակալության աղբյուրների համաձայն՝ զորքերի մի մասը կտեղափոխվի Սիրիայի արևմուտքում գտնվող Խմեյմիմ ռուսական ավիաբազա, իսկ մյուս մասը կվերադառնա Ռուսաստան:
Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունվարի 28-ին բանակցություններ կվարի Սիրիայի ժամանակավոր ղեկավար Ահմեդ ալ-Շարաայի հետ, ով աշխատանքային այցով կգտնվի Ռուսաստանում: ՏԱՍՍ-ի տվյալներով՝ կողմերը նախատեսում են «քննարկել տարբեր ոլորտներում երկկողմ կապերի զարգացման ներկա վիճակը և հեռանկարները, ինչպես նաև Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը»:
Նախկինում կառավարական ուժերն զբաղեցրել էին Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող քրդերի կողմից վերահսկվող մի քանի տարածք: Դամասկոսը և ՍԴՈՒ-ն հունվարի 18-ին ստորագրել էին հրադադարի համաձայնագիր, որը քրդական կառույցները Սիրիայի պետական ինստիտուտներին ինտեգրելու և հյուսիս-արևելքում գտնվող հիմնական տարածքների ու օբյեկտների նկատմամբ վերահսկողությունը կենտրոնական կառավարությանը փոխանցելու ծրագրի մի մասն է։




































