Ադրբեջանից հացահատիկ և վառելանյութ ներկրելուն զուգահեռ՝ բանակցություններ են ընթանում շաքարավազի ներկրման շուրջ, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղյուրներին
Ըստ թերթի՝ այդ հարցում շահագրգռված է գործարար Սամվել Ալեքսանյանը, որը, թերթի պնդմամբ, «շաքարի ներմուծման մոնոպոլիտ» ունի Հայաստանում։
Թերթը հիշեցրել է, որ Ադրբեջանից հացահատիկ ներմուծող ընկերությունն Ալեքսանյանին է պատկանում, իսկ բենզին ներմուծողների թվում նրա կնոջ՝ Շողերինա Ալեքսանյանի եղբոր ընկերությունն է՝ «Շիշա ուորլդ»-ը։
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը 2025 թվականի դեկտեմբերի 6-ին տեղեկացրել էր, որ Երևանն ու Բաքուն քննարկում են Ադրբեջանից Հայաստան նավթի ու նավթամթերքի արտահանման հարցը: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հաստատել էր, որ նման քննարկումներ կան: Դեկտեմբերի 18-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին Հայաստան «նավթամթերքի առաջին խմբաքանակն» ուղարկելու մասին:
Ավելի ուշ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ադրբեջանական նավթամթերքով բեռնված շարժակազմն Ադրբեջանից շարժվել է և գալիս է Հայաստան։ Նա տեղեկացրել էր, որ առևտուրը տեղի է ունենում մասնավոր ընկերությունների միջև, բայց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմաններն են, որ հնարավորություն են ստեղծել այդ առևտրի համար։




































