«Մենք այդ ժամկետը սահմանել ենք պահուստով՝ նախատեսելով, որ գործող օդանավակայանի տերմինալի ընդլայնման և նոր ուղևորահոսքի ավելացման սպասարկման աշխատանքները պատշաճ որակով պետք է ավարտվեն նշված ժամկետից զգալիորեն շուտ»,- նշել է նա։
Ըստ Սիմոնյանի՝ աշխատանքներին հնարավոր կլինի անդրադառնալ, երբ կոնսեսիոները մաստեր պլանով կներկայացնի իրականացվող աշխատանքների ծավալը, քանի որ նախագծանախահաշվային փաստաթղթերի հետ կապված հարցեր կան։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ հուլիսի վերջից մինչև օգոստոսի սկիզբը ծանր ժամանակահատված է, քանի որ ուղևորահոսքը մեծ է, իսկ օդանավակայանը չի ցանկանում կորցնել սպասարկման որակը։ Նրա խոսքով՝ կոնցեսիոների նպատակն էլ բեռնաթափումն է, քանի որ ավելացած հոսքը հանգեցնում է լրացուցիչ ծախսերի։
«Նոր տերմինալի ներդրման ամենասեղմ ժամկետներ պետք է պայմանավորվենք, որպեսզի արագ այդ հարցը լուծենք: Քանի որ և՛ ուղևորների, և՛ ուղևորափոխադրողների համար արդեն ունենք խնդիրներ»,- ասել է նա։
Նշենք, որ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Կորպորասիոն Ամերիկա Ս․ Ա․»-ի հետ կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացմանը՝ այն երկարաձգելով մինչև 2067 թվականը և ամրագրելով շուրջ 425 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային պարտավորություն։
Նախագծի ընդունման նպատակն է նաև ընդլայնել ՀՀ միջազգային օդանավակայանների թողունակությունը, բարելավել ենթակառուցվածքները, բարձրացնել սպասարկման որակը, ինչպես նաև ստեղծել պայմաններ՝ տեղական չվերթեր սպասարկող Կապանի «Սյունիք» օդանավակայանը միջազգային դարձնելու համար։
Դեկտեմբերի 3-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Կապանի օդանավակայանի օդանավը տեխնիկական զննության մեջ է, և մինչև ավարտն այլ օդանավ կներգրավեն թռիչքները շարունակելու համար։



































