ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկնել է Իրանին հարվածելու հնարավորությունը, եթե երկրի իշխանություններն սկսեն սպանել ցուցարարներին:
«Ես նրանց հասկացրել եմ, որ եթե սկսեն սպանել մարդկանց, եթե նման բան անեն, մենք շատ ուժեղ կհարվածենք նրանց»,- ասել է Թրամփը:
Նախագահը նաև նշել է, որ ԱՄՆ-ն ուշադիր հետևում է բողոքի ակցիաներին: Թրամփի հայտարարությունները հնչել են Իրանում շարունակվող բողոքի ցույցերի ֆոնին:
Հունվարի 8-ին Իրանում գրանցվել էր ինտերնետի համապետական անջատում: Reuters-ի տվյալներով՝ բողոքի ցույցեր են տեղի ունեցել Թեհրանում, Մեշհեդ և Սպահան խոշոր քաղաքներում: Մեկ օր առաջ Իրանի վերջին շահի որդին՝ ԱՄՆ բնակիչ Ռեզա Փահլավին, կոչ էր արել շարունակել բողոքի ցույցերը:
Associated Press-ը՝ հղում անելով իրանական լրատվամիջոցներին, հաղորդել է Իրանի անվտանգության ուժերի վրա հունվարի 7-ին և 8-ին տեղի ունեցած հարձակումների և սպանությունների շարքի մասին: Մասնավորապես, Թեհրանի մոտակայքում սպանվել է ոստիկանության գնդապետ, մինչդեռ Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Լորդեգան քաղաքում զինված անձինք սպանել են անվտանգության ուժերի երկու աշխատակցի և վիրավորել ևս 30-ին:
Հունվարի 7-ի երեկոյան Ռեզավի-Խորասան նահանգի Չենարան քաղաքի ոստիկանական բաժանմունքի վրա հարձակման հետևանքով զոհվել էր հինգ մարդ, իսկ հունվարի 8-ի երեկոյան Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է երկրի արևմուտքում գտնվող Քերմանշահում երկու զինվորի մահվան մասին:
Բողոքի ցույցերն սկսվել էին 2025 թվականի դեկտեմբերի վերջին՝ իրանական ռիալի փոխարժեքի կտրուկ անկումից և գների աճից հետո: Իրավապաշտպանները հայտնել են առնվազն 36 զոհի և ավելի քան 2000 ձերբակալվածի մասին, սակայն իշխանություններն այդ տվյալները պաշտոնապես չեն հաստատում:



































