Արցախի պետական նախարար Նժդեհ Իսկանդարյանն ամանորյա ուղերձ է հղել՝ շեշտելով, որ թեև իրենց բաժանել են իրենց հողից, բայց ոչ ոք չի կարող բաժանել իրենց իրավունքից, պատմությունից և հայրենիքից։
«Ցավոք, մեզ տրվել է անցնելու դժվար ճանապարհ։ Մեր յուրաքանչյուր օրն այսօր պայքար է՝ հանուն ինքնության, հողի և ապագայի։ Արցախը մեր անունն է, մեր լեզուն է և մեր վերադարձի հավատը։ Մենք իրավունք ունենք ապրելու մեր հողում՝ ազատ, անվտանգ ու արժանապատիվ։ Այդ իրավունքը չի կարող վերացվել ոչ մի բռնությամբ»,- ասել է նա։
Իսկանդարյանի խոսքով՝ այս փորձությունն անցողիկ է, իսկ Արցախը՝ հավերժական։
«Թող հավատն ու հույսը երբեք չլքեն մեզ, հատկապես՝ Արցախ վերադարձի սպասման այս ճանապարհին։ Վստահ եղեք, որ համախմբվածությամբ, տոկունությամբ և հավատքով մենք կհասնենք մեր արդար նպատակին, և վերադարձն անպայման կդառնա իրականություն»,- նշված է ուղերձում:
Արցախի պետնախարարը շեշտել է՝ այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է միասնականություն և մաղթել, որ գալիք տարին լինի համախմբվածության տարի՝ միավորելով ուժի, հավատքի և ինքնության շուրջ:
«Մեր ուժը մեր համախմբվածության մեջ է՝ ընտանիքի, համայնքի և ազգի մակարդակներում։ Ուզում եմ, որ բոլորդ միշտ հավատքով լինեք, քանզի հավատքն է, որ մեզ թույլ է տալիս չկոտրվել նույնիսկ ամենածանր պահերին։ Թող այս դժվար օրերը չթուլացնեն ձեզ, այլ դարձնեն ավելի ամուր, ավելի գիտակից և ավելի վճռական։ Մենք միասին կհաղթահարենք այս փուլը։ Թող Աստված պահապան լինի մեր ժողովրդին, մեր ընտանիքներին և մեր Արցախին»,- ասված է ուղերձում։





































