Դեկտեմբերի 30-ի երեկոյան «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին ոստիկանական մեքենայով տեղափոխել են Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանից տնային կալանքի։
Կալանավայրի և Կարապետյանի տան դիմաց հավաքված կողմնակիցները նրան դիմավորել են ծափահարություններով և «Սամվել, Սամվել» բացականչություններով։ Գործարարի կողմնակիցներին թույլ չեն տվել մոտենալ նրան։
Կարապետյանի եղբորորդին՝ նրա նախաձեռնությամբ ստեղծված «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը, «Տաշիր» խմբի նախագահի՝ կալանքից ազատ արձակումն անվանել է «մեծ քայլ»։
«Սա շատ մեծ քայլ է մեր հաղթանակի համար, այն հաղթանակի, որի համար պայքարում է Սամվել Կարապետյանը, որի համար պայքարում ենք բոլորս։ Այս քայլով մենք պետք է հասնենք այն հասարակությանը, այն երկրին, որտեղ տեղ չկա պառակտմանը, որտեղ համախմբված հասարակություն ենք ունենալու և որտեղ մեզ զգալու ենք որպես ուժեղ երկրի քաղաքացի»,- ասել է նա News.am-ին։
Գործարարի նկատմամբ խափանման նոր միջոցի պայմանների մասին հարցին պատասխանելով՝ Կարապետյանը նշել է, որ դատարանը շատ բարձր գրավ է սահմանել, ինչպես նաև սահմանափակել է բոլոր տեսակի շփումները։ Շարժման համակարգողի խոսքով՝ հաղորդակցության սահմանափակումները վերաբերում են նաև իրեն. միայն ընտանիքի անդամների շատ նեղ շրջանակի է թույլատրվում շփվել Կարապետյանի հետ։
Հակակոռուպցիոն դատարանը դեկտեմբերի 30-ին բավարարել էր պաշտպանության կողմի միջնորդությունը, և Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել էր տնային կալանք և գրավ։
Հունիսին Կարապետյանին կալանավորել էին եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։ Դատարանն օգոստոսի 15-ից սկսած արդեն մի քանի անգամ երկարացրել է բարերարի կալանքը։ Նոյեմբերի 13-ին ՔԿ-ն Կարապետյանի կալանքը 2 ամսով երկարաձգելու միջնորդություն էր ներկայացրել, որը բավարարվել էր:



































