Հայաստանում հարթակ են ստեղծել Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) պաշտպանության և հակաեկեղեցական քաղաքականությանը հակազդելու համար, հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
Իշխանությունների անօրինական գործողությունների և եկեղեցու պաշտպանությանն ուղղված անհրաժեշտ միջոցառումների մասին տեղեկատվությունը կտեղադրվի «Միջնաբերդ» հարթակում: Հարթակն ստեղծվել է հակաեկեղեցական գործողություններին օրենքով չարգելված եղանակներով հակազդելու, եկեղեցին և հոգևորականությանը պաշտպանելու, ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը զավթելու փորձերը կանխելու նպատակով:
«Իշխանության կողմից եկեղեցահալած այս քաղաքականության դրդապատճառները կարող են լինել մի քանիսը՝ սկսած հոգևորից (ուղղափառության դեմ պայքարից) մինչև թուրք-ադրբեջանական մերձեցման հարցում եկեղեցուն խանգարող հանգամանքը: Եկեղեցին, որպես հայի ինքնության պահապան, ինչպես նաև Արցախի հարցով պահանջատեր, Հայոց ցեղասպանության դատապարտման և ճանաչման պահանջատիրությունը սնուցող ազգային ինստիտուտ, ընդունելի չէ թուրք-ադրբեջանական տանդեմի համար»,- գրել է փաստաբանը։
Նա հիշեցրել է, որ եկեղեցին թուլացնելու իշխանությունների գործողություններն սկսվել են ավելի վաղ՝ պատերազմից առաջ։ Այդ քայլերից մեկը Հայ եկեղեցու պատմությունը կրթական ծրագրերից հանելու նախաձեռնությունն էր, ինչպես նաև հարկային արտոնությունները վերացնելու փորձը, հավելել է Զոհրաբյանը:
Վերջինս կոչ է արել հիշել, որ իշխանությունն իրավունք չունի խաղալ ժողովրդի հոգևոր զգացմունքների հետ և պայմաններ ստեղծել բախումների համար: Նրա խոսքով՝ դեկտեմբերի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները ոստիկանության աշխատակիցների աջակցությամբ խուլիգանական գործողություններով խոչընդոտել էին Մայր տաճարում կրոնական ծիսակարգի անցկացմանը: Իրավաբանի համար ակնհայտ է, որ Փաշինյանի նպատակը նաև Էջմիածնի Մայր տաճարում «սրբապղծություն» կատարելն է, ինչը չի կարող անհետևանք մնալ: Բացի այդ, նա ընդգծել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն անձեռնմխելի է:
Դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռում ակցիա էր անցկացվել ի պաշտպանություն Ամենայն Հայոց կաթողիկոսի, միաժամանակ՝ այնտեղ հավաքվել էին նաև իշխանությունների կողմնակիցները, որոնք դեմ են Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդին: Այդ ժամանակ տասը եպիսկոպոս կաթողիկոսի հրաժարականի պահանջով նամակ էր հանձնել Մայր Աթոռի քարտուղարություն:




































