Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար, հայտնում է ՀՀ ՆԳՆ-ն։
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար։ Կոտայքի մարզում, Վարդենյաց լեռնանցքում, Աշոցքի, Ապարանի, Ամասիայի, Եղեգնաձորի և Ջերմուկի տարածաշրջաններում, Գյումրի, Տաշիր, Վանաձոր, Գորիս, Քաջարան և Մեղրի քաղաքներում տեղում է ձյուն:
Ամասիայի տարածաշրջանում բուք է։ ՀՀ ՆԳՆ-ն վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։





































