Ադրբեջանի հետ խաղաղությունը հնարավորություն կբացի ԵԱՏՄ-ի ու ՌԴ-ի հետ հարաբերությունների համար, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ օգոստոսի 8-ին տեղի ունեցած Վաշինգտոնյան պայմանավորվածությունների ժամանակ ոմանք դա որակել են «հակառուսական պրոյեկտ»։
«Ես էլ ասում եմ՝ ոչ, սա նոր հնարավորություն է բացում Հայաստանի ու Ռուսաստանի համար։ Անկախ Հայաստանի ու անկախ Ռուսաստանի պատմության մեջ նման բան չի եղել երբևէ, օգոստոսի 8-ի պայմանավորվածությունների արդյունքում է տեղի ունեցել․ ՀՀ-ն և ՌԴ-ն ունեն երկաթուղային կապ, և այս որոշումները ԵԱՏՄ շրջանում ակտիվացվելու են»,- ասել է նա։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի:
Կողմերը նաև նախաստորագրել էին խաղաղության համաձայնագրի նախագիծ, որն օգոստոսի 11-ին հրապարակվել էր ՀՀ ԱԳՆ-ի կողմից: Փաստաթղթի համաձայն՝ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և հետագայում նման պահանջներ չեն առաջադրելու: