«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հայտարարել է, որ բողոքարկելու է ՔՊ վարչության որոշումը՝ դուրս թողնել իրեն 2026 թվականի վերջնական ընտրացուցակից։
Նա հայտարարել է, որ որպես կուսակցության հիմնադիր անդամ՝ իրավունք ունի պահանջել, որ համագումարում իրեն ընտրեն որպես թեկնածու։
«Ես ոչ թե ցանկանում եմ անցողիկ տեղ, այլ ցանկանում եմ իրացնել իմ իրավունքը՝ որպես կուսակցության հիմնադիր անդամ, ունենալ առաջադրվելու հնարավորություն»,- նշել է Սարգսյանը։
Նա պարզաբանել է, որ 380 առաջադրվածից շուրջ 350-ը ցուցակում են լինելու, և ինքը համաձայն է, որ կուսակցությունը որոշի իր տեղը ցանկում։
Սարգսյանը մեկնաբանել է մամուլում տեղ գտած հրապարակումներն այն մասին, որ իր չանցնելու պատճառն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ու Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ լարված հարաբերություններն են։
«Ես իմ գործունեությամբ ցավեցրել եմ որոշ մարդկանց»,- ասել է նա՝ միևնույն ժամանակ հերքելով Ավինյանի հետ թշնամանքը և ասել է, որ նա իր մոտ ընկերն է, ու կողմ կքվեարկեր, եթե լիներ վարչությունում։
Ի պատասխան լրագրողի հարցին, թե արդյոք Սիմոնյանն էլ է իր ընկերը, Սարգսյանը պատասխանել է՝ ոչ։
Ավելի վաղ մամուլը գրել էր, որ Սարգսյանը, որին դուրս են թողել 2026 թվականի նախընտրական հիմնական ցուցակից, լուրջ հակասություններ ունի Սիմոնյանի և Ավինյանի հետ։





































