Աղբահանության վճարը Երևանում 2025 թվականից թանկացել է: Եթե նախկինում քաղաքացիներն աղբահանության համար վճարում էին ըստ ընտանիքի անդամների քանակի, ապա այժմ վճարումը հաշվարկվում է բնակարանի քառակուսի մետրով, 1 քառ/մ-ի դիմաց՝ 13 դրամ:
Այս փոփոխությունը ֆինանսական տեսանկյունից դժվարություններ է առաջացրել քաղաքացիների համար:
Armenia Today-ը հարցման միջոցով փորձել է հասկանալ՝ գո՞հ են արդյոք քաղաքացիներն աղբահանության ծառայությունից, աղբի վարձը թանկացնելուց հետո կա՞ տեսանելի դրական փոփոխություն, և արդյոք բնակիչները թանկացումը համարո՞ւմ են արդարացված։
Հարցվածներից ոմանք ասել են՝ չեն հասկանում, թե որն էր աղբի վարձավճարը թանկացնելու իմաստը, եթե աղբահանության աշխատանքները լավ չեն իրականացվում, հատկապես՝ քաղաքի ծայրամասերում:
«Կենտրոնում ժամանակին է հավաքվում աղբը, քան ծայրամասերում։ Մինչև աղբը չի լցվում, չի թափվում, չեն հավաքում, երբեմն աղբամանները թողնում են կիսադատարկ։ Թե ինչի են թանկացրել, չենք հասկանում, մարդով, թվով, քանակով վճարում էինք: Հատակագծով վճարելը ո՞րն է, կան սենյակներ՝ մարդիկ չեն օգտագործում, բայց այդ աղբի փողն էլ են տալիս»,- նշել է քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ քաղաքացի գոհ էր աղբահանությունից:
«Գոհ եմ, գալիս են, տանում են»,- ասել է նա:
Քաղաքացիները, նախորդ տարվա հետ համեմատելով աղբահանության աշխատանքները, նշել են, որ այս տարի դրանք հիմնականում ավելի լավ են իրականացվում։
Մանրամասները՝ տեսանյութում։




































