Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայ Առաքելական եկեղեցու նոր կանոնադրությունը պետք է ներառի հոգևորականների համար բարեվարքության հստակ ձևակերպված կանոններ և դրանց պահպանման նկատմամբ վերահսկողության մեխանիզմներ: Այս մասին նա հայտնել է Ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում՝ մեկնաբանելով եկեղեցու վերաբերյալ իր առաջարկած «ճանապարհային քարտեզի» երկրորդ կետը։
Փաշինյանի խոսքով՝ ներկայումս Հայաստանում փաստացի բացակայում են հոգևորականների բարոյական վարքագծի հրապարակայնորեն ամրագրված չափանիշները, ինչն անորոշություն է ստեղծում ինչպես հասարակության, այնպես էլ եկեղեցու համար: Նա ընդգծել է, որ կանոնները պետք է տարածվեն ինչպես ամուսնացած, այնպես էլ կուսակրոն հոգևորականների վրա: Վարչապետը նաև հայտարարել է կուսակրոնության ինստիտուտի ներեկեղեցական քննարկման անհրաժեշտության մասին, մասնավորապես, արդյոք այն պարտադիր պայմա՞ն է եպիսկոպոսության համար, թե՞ հնարավոր են նաև այլ տարբերակներ:
Նրա խոսքով՝ եթե ամուրիության ինստիտուտը պահպանվում է, եկեղեցին պետք է հստակ և միանշանակ պարզաբանում տա դրա բովանդակության վերաբերյալ, որպեսզի բացառվեն տարաբնույթ մեկնաբանությունները: Փաշինյանը նշել է, որ այդ հարցերի վերաբերյալ որոշումները պետք է ընդունի հենց հոգևորականը, սակայն ընդունված նորմերը պետք է հրապարակվեն և հասանելի լինեն հանրությանը:
Բացի այդ, նա մատնանշել է թափանցիկ մեխանիզմների ստեղծման անհրաժեշտությունը, որոնք թույլ կտան հասկանալ, թե բարոյական կանոնների ո՞ր խախտումներն են անհամատեղելի հոգևոր ծառայության հետ, և որոնք կարող են հանգեցնել ավելի մեղմ հետևանքների:
Վարչապետը հավելել է, որ հասարակությունը պետք է իմանա, թե ուր կարելի է դիմել հոգևորականների կողմից բարոյական նորմերի խախտումների հետ կապված փաստերի առկայության դեպքում, և ինչպես են այդ դիմումները դիտարկվելու: Նա տեղեկացրել է, որ հետագայում մտադիր է մեկնաբանել իր առաջարկած ճանապարհային քարտեզի մյուս կետերը ևս:
Փաշինյանը մայիսի 29-ից սոցցանցերում քննադատող գրառումների շարք էր հրապարակել Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների վերաբերյալ, իսկ ավելի ուշ նոր կաթողիկոսի ընտրության կոչ արել՝ ասելով, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը:
Գարեգին Երկրորդի «հեռացումից» հետո Հայ Առաքելական եկեղեցու նոր առաջնորդի ընտրություններ կանցկացվեն, դեկտեմբերի 8-ին, ներկայացնելով «եկեղեցու նորոգման ճանապարհային քարտեզը», ասել էր Փաշինյանը:





































