Թբիլիսիում ընդդիմության կողմնակիցները Վրաստանի խորհրդարանի մոտ փակել են Ռուսթավելի պողոտան, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»։
Նշվում է, որ սոցիալական ցանցերում ընդդիմության կողմնակիցների կոչերից հետո կիրակի խորհրդարանի դիմաց հավաքվել է մոտ 1000 ցուցարար։ Նրանք ձեռքներին պահել են Վրաստանի դրոշներ, ինչպես նաև Եվրամիության և Ուկրաինայի մի քանի դրոշ։ Բողոքի ակցիայի սկսվելուց մեկ ժամ անց նրանք հասել են Ռուսթավելի պողոտա և փակել երթևեկությունը։ Ոստիկանությունը չի միջամտել։
Վրաստանի 64 քաղաքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ֆոնին բողոքի ակցիայի մասնակիցները հոկտեմբերի 4-ի երեկոյան փորձել էին ներխուժել նախագահի պալատ՝ «իշխանությունը ժողովրդին» փոխանցելու նպատակով, տուժել էր 14 ոստիկան։ Ցուցարարների նկատմամբ քրեական գործ էր հարուցվել նաև իշխանությունը տապալելու հոդվածով։
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ առգրավել է ընտրությունների օրը դիվերսիայի համար նախատեսված զենքեր և պայթուցիկներ:



































