Լիբանանի կառավարությունը ողջունել է բանակի կողմից մշակված «Հեզբոլլահ» շիական շարժումը զինաթափելու ծրագիրը, սակայն դրա որոշումը կայացվել է կաբինետի երեքժամյա նիստից հետո, որի իրականացման ժամկետ չի սահմանել, հայտնում է Reuters-ը:
Ծրագիրը ներկայացրել է Լիբանանի բանակի գլխավոր հրամանատար Ռուդոլֆ Հեյկալը, սակայն Լիբանանի շիական համայնքը ներկայացնող բոլոր հինգ նախարարներն, ի նշան բողոքի, դուրս են եկել նիստից:
Լիբանանի տեղեկատվության նախարար Պոլ Մորկոսը նիստից հետո հայտարարել է, որ կառավարությունը ողջունում է ծրագիրը, բայց չի ասել, թե արդյոք կաբինետը պաշտոնապես ընդունե՞լ է այն: Նրա խոսքով՝ բանակը կիրականացնի գաղտնի ծրագիր՝ հաշվի առնելով իր «սահմանափակ» լոգիստիկ, նյութական և անձնակազմի հնարավորությունները, որոնք կարող են պահանջել «լրացուցիչ ժամանակ և ջանքեր»:
Նա նաև նշել է, որ Իսրայելը դեռևս որևէ պարտավորություն չի ցուցաբերել «Հեզբոլլահ»-ին զինաթափելու ԱՄՆ-ի ծրագրի նկատմամբ՝ Լիբանանում Իսրայելի ռազմական գործողությունների դադարեցման դիմաց: Նախարարը շեշտել է, որ ծրագրի իրականացման գործում ցանկացած առաջընթաց կախված է մյուս կողմերի, առաջին հերթին՝ Իսրայելի հանձնառությունից:
«Հեզբոլլահ»-ին սատարող աշխատանքի նախարար Մոհամմադ Հայդարը հանդիպումից առաջ հայտարարել էր, որ շիա նախարարների բացակայության դեպքում կայացված ցանկացած որոշում անվավեր կլինի, քանի որ այն կհամարվի հակասող Լիբանանի կրոնական իշխանության բաժանման համակարգին:
Հուլիսի 31-ին Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը «Հեզբոլլահ»-ին զինաթափման կոչ էր արել: Ավելի վաղ, ըստ տեղեկությունների, Միացյալ Նահանգները մեծացրել էր ճնշումը Լիբանանի կառավարության վրա՝ պահանջելով, որ այն արագորեն պաշտոնական կաբինետի որոշում կայացնի «Հեզբոլլահ»-ին զինաթափելու վերաբերյալ՝ նախքան Լիբանանում Իսրայելի ռազմական գործողությունները դադարեցնելու մասով բանակցությունները վերսկսելը: «Հեզբոլլահի» առաջնորդ Նաիմ Քասեմը հուլիսի 30-ին մերժել էր շարժման զինաթափվելու կոչը՝ ասելով, որ նման կոչերը միայն օգուտ են բերում Իսրայելին:



























