Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իսպանիան, Իտալիան և Կանադան արգելափակել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի առաջարկը, որը պարտադրում էր դաշնակիցներին Ուկրաինային ռազմական օգնություն հատկացնել ՀՆԱ-ի առնվազն 0,25%-ի չափով, հայտնել է ՌԲԿ-ն՝ հղում անելով The Telegraph-ին։
Հրատարակության տվյալներով՝ Ռյուտեն հույս ուներ նախաձեռնությունը հաստատել Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, սակայն այս շաբաթ նա ընդունել է, որ ծրագիրը, հավանաբար, չի ներկայացվի հաստատման՝ բավարար աջակցություն չունենալու պատճառով։
«Չեմ կարծում, որ այս առաջարկը կներկայացվի»,- ասել է գլխավոր քարտուղարը՝ առանց նշելու դրան դեմ արտահայտված երկրների անունները։
The Telegraph-ի աղբյուրը հայտնել է, որ նախաձեռնությանն աջակցել է ՆԱՏՕ-ի առնվազն 7 երկիր, որոնք արդեն իսկ իրենց ՀՆԱ-ի ավելի քան 0,25%-ն են ծախսում Ուկրաինային ռազմական օգնության վրա: Դաշինքի ներսում որոշումները պահանջում են բոլոր անդամ երկրների համաձայնությունը:



























