Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հարվածների վերսկսումը բազմաթիվ «անակնկալներ» կբերի։ Նա այս մասին գրել է X սոցիալական հարթակում։
«Հաշվի առնելով քաղված դասերը և գիտելիքները՝ պատերազմի վերադարձը կբերի շատ ավելի մեծ անակնկալներ»,- գրել է Արաղչին։
Նա նշել է, որ Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների սկսվելուց մի քանի ամիս անց ԱՄՆ Կոնգրեսը ճանաչել է «միլիարդավոր դոլարների արժողությամբ տասնյակ ինքնաթիռների կորուստը»։
«Հաստատվել է, որ մեր հզոր զինված ուժերն առաջինն են խոցել այդքան գովաբանված F-35-ը»,- հայտարարել է Արաղչին։
Կոնգրեսի հետազոտական ծառայության վերջերս հրապարակված զեկույցի համաձայն՝ Միացյալ Նահանգներն Իրանի դեմ ռազմական գործողության ընթացքում կորցրել է 42 ինքնաթիռ, այդ թվում՝ կործանիչներ, անօդաչու թռչող սարքեր, տանկերներ և հատուկ նշանակության ինքնաթիռներ։
MQ-9A Reaper հարձակողական անօդաչու թռչող սարքերը կրել են ամենամեծ կորուստները։ Դրանցից 24-ը ոչնչացվել կամ կորել է մարտական գործողությունների ժամանակ։ ԱՄՆ ռազմածովային ուժերի MQ-4C Triton հետախուզական անօդաչու թռչող սարք է վթարի ենթարկվել Պարսից ծոցում՝ անհայտ պատճառով։
Երեք F-15E կործանիչներ խփվել է բարեկամական կրակի տակ, իսկ մեկը՝ Իրանի օդային տարածքում։ F-35A գաղտնի կործանիչը նույնպես վնասվել է, իսկ A-10 գրոհային ինքնաթիռը՝ կորել։
Իրանական հարվածի հետևանքով գետնի վրա ոչնչացվել է մեկ E-3 Sentry AWACS վաղ նախազգուշացման և կառավարման ինքնաթիռ։ Ռազմական արշավանքի ընթացքում վնասվել է յոթ KC-135 տանկեր, որոնցից մեկը վթարի է ենթարկվել՝ սպանելով անձնակազմի 6 անդամի։
Զեկույցում նաև նշվում է, որ գետնի վրա ոչնչացվել է երկու MC-130J հատուկ նշանակության ինքնաթիռ, իսկ մեկ HH-60W ուղղաթիռ վնասվել է կրակի տակ։
Միացյալ Նահանգներն ու Իսրայելն Իրանի դեմ պատերազմն սկսել էին փետրվարի 28-ին։ Ապրիլի 7-ին Սպիտակ տան ղեկավարը հայտարարել էր Իսլամական Հանրապետության հետ երկշաբաթյա փոխադարձ հրադադարի մասին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ հրաժարվել է մայիսի 19-ին նախատեսված Իրանին հարվածելու ծրագրից՝ Կատարի, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի խնդրանքով։


























