Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը ժամկետից շուտ լքել է Երևանում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթնաժողովը և վերադարձել հայրենիք՝ կառավարության նկատմամբ անվստահության քվեի պատճառով, հայտնել է ռումինական Observator News հեռուստաալիքը։
Բուխարեստում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ պետության ղեկավարը հայտարարել է, որ Ռումինիան հավատարիմ կմնա իր որդեգրած արևմտամետ կուրսին։
Դանը տեղեկացրել է, որ անմիջապես ձեռնամուխ կլինի նոր կառավարության ձևավորման շուրջ բանակցություններին, միևնույն ժամանակ՝ բացառել է արտահերթ ընտրությունների անցկացումը։ Նա խոստացել է, որ նոր «արևմտամետ կառավարությունը» կձևավորվի «ողջամիտ ժամկետներում»։
Ռումինիայի խորհրդարանը մայիսի 5-ին անվստահություն էր հայտնել վարչապետ Իլիե Բոլոժանի կոալիցիոն կառավարությանը։ Կաբինետը կորցրել էր խորհրդարանական մեծամասնության աջակցությունը, երբ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը դուրս էր եկել կառավարող կոալիցիայի կազմից։
Եվրոպական երկրների այլ առաջնորդների հետ միասին Ռումինիայի նախագահ մայիսի 3-ին ժամանել էր Հայաստան՝ մասնակցելու ԵՔՀ համաժողովին։



























