Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին սպանվել է Իսրայելի ավիահարվածի հետևանքով, հայտնում է Reuters-ը:
Նշվում է, որ նրա մարմինը հայտնաբերվել է իր նստավայրի փլատակներում:
Տեղեկությունը հաստատում է նաև Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը՝ նշելով, որ ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Եհիել Լեյտերը Վաշինգտոնի պաշտոնյաներին տեղեկացրել է Խամենեիի սպանության մասին։
Միաժամանակ, Axios-ը, վկայակոչելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի, հայտնում է, որ Իսրայելի և ԱՄՆ-ի համատեղ ռմբակոծման արշավը նախատեսված է առնվազն հինգ օրվա համար։ Ըստ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ գործողության ժամկետները կարող են փոփոխվել՝ կախված Իրանի հոգևոր առաջնորդի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների ճակատագրից, որոնց Իսրայելը ծրագրել էր վերացնել։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային Sky News-ին ասել է, որ Խամենեին ողջ է և գտնվում է անվտանգ վայրում։ Նա հավելել է, որ նախագահ Մասուդ Փեզեշքիանը նույնպես ողջ է և նրա անվտանգությունն ապահովված է։
Ավելի վաղ Իրանը հերքել էր Խամենեի մահվան մասին լուրը։ Ըստ լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքի՝ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին շտաբում է և ղեկավարում է մարտական գործողությունները:





























