ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հույս է հայտնել, որ ուկրաինական հակամարտությունը կավարտվի այս տարի, հայտնել է Axios-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։
Ըստ կայքի՝ Թրամփը պատասխանել է, որ պատերազմը չափազանց երկար է տևել, և կցանկանար, որ այն ավարտվի մեկ ամսից։ Թրամփի և Զելենսկու միջև զրույցն ընթացել է «բարեկամական և դրական», նշել է կայքը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ նրանք նշել են, որ երկու առաջնորդի կողմից քննարկված հարցերից մեկը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր եռակողմ գագաթնաժողովն է։ Թրամփը Զելենսկիին ասել է, որ կաշխատի նման եռակողմ գագաթնաժողով անցկացնելու ուղղությամբ, եթե մարտի սկզբին նախատեսված ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցողների հաջորդ հանդիպումն ավելի մեծ առաջընթաց արձանագրի։
Զրույցի ընթացքում ԱՄՆ նախագահը նաև հաստատել է իր պատրաստակամությունը՝ Ուկրաինային տրամադրել ԱՄՆ-ի անվտանգության զգալի երաշխիքներ՝ որպես Ռուսաստանի հետ հնարավոր խաղաղության համաձայնագրի մաս։
Այսօր նախատեսված են ամերիկյան և ուկրաինական կողմերի բանակցություններ:





































