Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ահաբեկչական գործունեությանն աջակցելու հոդվածով, գրում են «Ռոսիյսկայա գազետա»-ն և «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն՝ հղում անելով իրավապահներին։
Նշվում է, որ ահաբեկչական գործունեությանն աջակցելը ՌԴ քրեական օրենսգրքով նախատեսում է պատիժ՝ մինչև ցմահ ազատազրկում։
Թերթերի տվյալներով՝ մեսենջերի վարչակազմը չի կատարել «Ռոսկոմնադզորի» պահանջները և չի հեռացրել մանկական պոռնոգրաֆիայի հետ կապված 1369 ալիք, չատ և բոտ։ Բացի այդ, Telegram-ն անտեսել է թմրամիջոցների մասին 3771 ալիք, ինքնասպանության թեմայով 2666 ալիք և անչափահասներին հակաօրինական գործունեության մեջ ներգրավելու վերաբերյալ 2124 ալիք հեռացնելու պահանջները։
«Ռոսկոմնադզորը» նաև պահանջել է հեռացնել ավելի քան 10 500 ալիք՝ ծայրահեղական կոչերով և «թշնամու ֆինանսավորման» հետ կապված բովանդակությամբ։ Գերատեսչության տվյալներով՝ ևս 1125 տելեգրամյան ալիքում հրապարակված են ծայրահեղական և ահաբեկչական կազմակերպությունների նյութեր։





































