Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիտ Կարեն Խաչանովը հաղթել է ԱՄՆ-ն ներկայացնող Նիշեշ Բասավարեդդիին թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության (US Open) առաջին շրջանի խաղում, որն անցկացվում է Նյու Յորքում, տեղեկանում ենք Championat.com-ից:
Խաղն ավարտվել է Խաչանովի հաղթանակով՝ 6:7 (5:7), 6:3, 7:5, 6:1 հաշվով։ Երկրորդ շրջանում նա կմրցի լեհ Կամիլ Մայխշակի հետ։
29-ամյա Խաչանովն իր կարիերայում յոթ անգամ հաղթել է ATP մրցաշարերում։ Նրա լավագույն արդյունքները «Մեծ սաղավարտի» մրցաշարերում հանդիսացել են ԱՄՆ-ի բաց առաջնության կիսաեզրափակիչը (2022) և Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչը (2023)։ 2021-ին նա դարձել էր Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր՝ անհատական մրցաձևում, իսկ Ռուսաստանի հավաքականի կազմում նվաճել էր Դևիսի գավաթը։
US Open-ը մրցաշրջանի վերջին՝ չորրորդ «Մեծ սաղավարտի» մրցաշարն է։ Գործող չեմպիոնն աշխարհի առաջին ռակետ, իտալացի Յանիկ Սիններն է։






































